Կալանքի տակ գտնվող քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է վստահված անձանց

25/08/2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձինք այսօր՝ օգոստոսի 25-ին, այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի՝ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու՝ մինչև 3 վստահված անձանց հետ: