Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին:

01/09/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին:

Նախարարը շնորհավորել է Դոն Լամբերտին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի՝ ի նպաստ արդարադատության ոլորտի բարեփոխումների:

Գրիգոր Մինասյանը կարևորել է 2024-2028 թվականների ԱԶԲ երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել՝ արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում Ասիական զարգացման բանկի ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների խթանմանը ԱԶԲ-ի կողմից շարունակական աջակցության տրամադրման համար, մատնանշվել է ԱԶԲ-ի դերակատարումը` սեպտեմբերին Հայաստանում կայանալիք միջազգային արբիտրաժայի շաբաթի կազմակերպման աշխատանքներում:

Դոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:
Կողմերը քննարկել են ԱԶԲ ռազմավարությամբ նախանշված՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են սնանկության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքները: Գրիգոր Մինասյանը նշել է, որ ներկայումս ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի գլխավորությամբ՝ աշխատանքներ են իրականացվում «Սնանկության մասին» նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ:

Կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության ոլորտում, ինչպես նաև դատարանների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը:
Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի, Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի թվայնացման, օրենսդրական դաշտի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Գրիգոր Մինասյանն ու Դոն Լաբմերտը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: