Արբիտրաժային համակարգի զարգացումը Հայաստանը կդարձնի ավելի գրավիչ երկիր՝ բիզնեսի համար. Հայաստանում մեկնարկել է արբիտրաժային շաբաթը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ

04/09/2023

Հայաստանում պաշտոնապես հիմնադրվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը: Կենտրոնի՝ համաշխարհային ճանաչմանն ուղղված գործունեության շրջանակներում այսօր կազմակերպվել է Միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որին մասնակցել են աշխարհի շուրջ 30-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ Արբիտրաժային համակարգի զարգացումը Հայաստանը կդարձնի ավելի գրավիչ՝ երկրի բիզնեսի, ներդրումների համար:
Փոխվարչապետը կարևորել է նաև բիզնես իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանների համար կրթական ծրագրերի զարգացումը, ինչպես նաև նմանօրինակ միջոցառումների շարունակական կազմակերպումը։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ միջազգային կոնֆերանսը Հայաստանում այս ոլորտի համար նախադեպը չունեցող միջոցառում է։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի բոլոր մասնակիցներին, հյուրերին, գործընկեր կազմակերպություններին՝ Ասիական զարգացման բանկին, Եվրոպական միությանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ աջակցության համար:
Գրիգոր Մինասյանը նշել է, որ թե՛ արբիտրաժի, թե՛ հաշտարարության զարգացումը ռազմավարական բարեփոխումների օրակարգում են և արտացոլված են ինչպես Կառավարության ծրագրում, այնպես էլ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ:
Նախարարի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնել և իրականացվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով նպաստել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը:
Արբիտրաժի ոլորտում կատարվել է հեղափոխական քայլ, ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճռի կատարման համար անմիջապես դիմել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու և դատարաններին ծանրաբեռնելու, դատարաններում արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և այլն: Հաշտարարության ոլորտում ընտանեկան որոշ գործերով ներդրվել են պարտադիր հաշտարարության ինստիտուտը և առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը, շուտով սկսվելու է նոր հաշտարարների ուսուցման և որակավորման գործընթացը: Այս ամենն ազդակ են առ այն, որ Հայաստանի կառավարությունը միտված է զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները և հատկապես արբիտրաժային ոլորտը:
Նախարարը նշել է, որ այս բարեփոխումների էպիկենտրոնում ընդամենը մի քանի ամիս առաջ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի պետական գրանցումն էր՝ որպես ոլորտի բարեփոխումներին ուղղված կարևորագույն միջոցառում:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային գործընկերներին, որոնց աջակցությամբ կյանքի է կոչվել արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը:
Նախարարը կարևորել է նաև Կենտրոնի համահիմնադիրների և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից կատարված աշխատանքը, որոնց շնորհիվ առավել վստահորեն հնարավոր կլինի երաշխավորել կենտրոնի անկախության բարձր մակարդակը:

Միջազգային արբիտրաժային կոնֆերանսը կազմակերպվել է  «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից  (ծրագիրն իրականացվում է USAID- ի կողմից Քաունթերփարթ Ինթերնեշնլի միջոցով ), Ասիական զարգացման բանկը, Եվրոպական միությունը (ծրագիրն իրականացվում է A.R.S Progetti S.P.A. կողմից), Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնը և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովը: