Արդարադատության նախարարի միջնորդությամբ և Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` դատավոր Գևորգ Բալյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն

04/09/2023

Արդարադատության նախարարի որոշմամբ` միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Արդարադատության նախարարության Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը ներկայացրել է միջնորդության հիմքերը, ըստ որոնց որդեգրման վերաբերյալ քաղաքացիական գործով դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա, մինչդեռ Դատարանը վճռով հաստատել է դիմողների կողմից Երեխայի որդեգրման փաստը:
Բացի այդ ծնողներ ունեցող երեխայի որդեգրումը հնարավոր է միայն հոր և մոր կողմից` ԸՕ սահմանված կարգով ձևակերպված երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարմամբ: Մինչդեռ, համաձայն գործի փաստերի, վերջիններս ոչ թե գրավոր հրաժարվել են երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից, այլ տվել են գրավոր համաձայնություն երեխային որդեգրման տալու վերաբերյալ: Նման պայմաններում Դատարանը կայացրել է որդեգրման վերաբերյալ վճիռ առանց օրենսդրությամբ պահանջվող որդեգրման փաստական հիմքի հաստատման։
Դատավորի վարքագծի կանոնների խախտումներով պայմանավորված՝ Գևորգ Բալյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն: