Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչների պատվիրակությանը՝ ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։
Կարեն Կարապետյանը կարևորել է ԵԽ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, մասնավորապես ընդգծվել է Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը ՀՀ օրենսդրության բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակներում՝ նախկինում ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի իրականացրած մի շարք ուսումնասիրությունների և տրամադրված եզրակացությունների համար, որոնք հանդիսացել են պետական իրավական կառուցակարգի ուղենիշ։
ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ քննարկվել Է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթը։
Նշենք, որ 2023թ. հուլիսի 12-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ խնդրելով Հանձնաժողովից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում առանձնակի քննարկվել են վերոնշյալ փաթեթի վերաբերյալ որոշ հարցեր՝ ընտրական իրավունքի սկզբունքների, ինչպես նաև ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջների և անձնական տվյալների հրապարակայնության օրինականության տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների նշանակման և անցկացման դրույթներին՝ արտակարգ և ռազմական դրության դեպքում։
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցությունը և ընդգծել նախարարության կողմից ցուցաբերած ուշադրությունը Հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքների նկատմամբ։
Կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ համագործակցության արդյունքում շարունակվելու են Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացները։