Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական Կոմիտեի պատվիրակության ղեկավար, Կոմիտեի երկրորդ փոխնախագահ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորած պատվիրակությանը:
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր՝ գնահատելու ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը:
Հանդիպումների ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի հետ քննարկվել են մի շարք հիմնարար հարցեր: Մասնավորապես նախարարի տեղակալը՝ կարևորելով պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական և վերասոցիալականացման գաղափարախոսության անցումը՝ ներկայացրել է ՀՀ քրեական արդարադատության ոլորտի վերջին չորս տարվա առանցքային բարեփոխումները, քրեակատարողական համակարգի հիմնական ձեռքբերումները և Կոմիտեի նախորդ այցի համեմատությամբ արձանագրված առաջընթացը։
Լևոն Բալյանը նաև ընդգծել է ոլորտային նոր օրենսդրության ընդունումը, ենթադրյալ խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի արձանագրման մեխանիզմի կատարելագործումը, քրեակատարողական երկու հիմնարկների փակումը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսահսկման համակարգի ներդնումը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավումը, ծառայողների հաստիքների ավելացումն ու սոցիալական երաշխիքների բարձրացումը, 19 տարին լրացած դատապարտյալների հանրակրթություն ստանալու իրավունքի ապահովումը։
Քննարկվել են նաև տնային կալանքի և վարչական հսկողության համար ձեռքբերված սարքավորումների կիրառման ընթացքն ու հեռանկարները, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Առողջապահության նախարարությանը փոխանցելու հետ կապված և ոլորտային այլ հարցեր։
Լևոն Բալյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից քրեակատարողական հիմնարկի նախատեսվող մոդելը։ Կոմիտեի անդամները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտի նորարարություններն ու բարեփոխումները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռվածության, ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի որակի բարձրացմանն ուղղված քայլերի հաջողությունը:
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ևս մեկ անգամ վերահաստել է նախարարության հանձնառությունը` մեկնարկած բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնելու նպատակով:
Արդարադատության նախարարությունն ու Կոմիտեի անդամները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ ոլորտը բարեփոխելու ուղղությամբ: