Հաշտարարների որակավորման դասընթաց. դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է
11/10/2023
Արդարադատության նախարարությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ հայտարարում է հաշտարարների որակավորման պիլոտային դասընթաց, որին կարող են դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դասընթացը կտևի մեկ շաբաթ, օրական 4 ժամ տևողությամբ և կիրականացվի 2023 թվականի նոյեմբերի 17-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացին կարող են մասնակցել ինչպես առաջին անգամ հաշտարար դառնալ ցանկացող հավակնորդները, այնպես էլ մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարները: Վերջիններիս դասընթացի առնվազն 80%-ին մասնակցելու դեպքում կտրամադրվի նոր որակավորման վկայագիր: Դասընթացն իրականացվելու է արտերկրից հրավիրված միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից և հաշտարարության դասընթացների համար սահմանված միջազգային չափորոշիչներին և ուսուցման ծրագրին համաձայն։ Պիլոտային դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ընտրված 20 հավակնորդները՝ հաշվի առնելով դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած հավակնորդների կրթությունը, մասնագիտական փորձը, ծավալած մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Դասընթացին չընգրկված հավակնորդների ուսուցումը կիրականացվի հաջորդ փուլերի ընթացքում։
Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում` 1) դիմում (պետք է ներառի կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե), 2) անձնագրի պատճենը, 3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 4) ինքնակենսագրական տվյալներ (CV):
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 10-ը, մինչև ժամը 18:00-ն:
Ուսուցման ծրագիրը հաստատվելու և հրապարակվելու է դասընթացի մեկնարկից առնվազն 10 oր առաջ: Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Մանրամասներն այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/2673