Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին
12/10/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 136-րդ լիագումար նստաշրջանին ներկայացրել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները և հանձնառությունները հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ:
Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը: Նախագիծն ի թիվս այլոց ներառում է բարեփոխումներ՝ ուղղված ընտրական իրավունքի սկզբունքների միասնականացմանը, ընտրական ընթացակարգերի թափանցիկության և մատչելիության ամրապնդմանը, նախընտրական քարոզարշավների կառուցակարգերի և քարոզարշավների ֆինանսավորման ու վերահսկողության կառուցակարգերի լավարկմանը, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում ընտրությունների ընթացակարգերի սահմանմանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ձևավորման և ընտրական ցուցակների ճշգրտման ընթացակարգերի ամրապնդմանը և մի շարք այլ ուղղություններին։ Վենետիկի հանձնաժողովը բարձ է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Հանձնաժողովը հատուկ ընդգծել է նաև, որ բարեփոխումների փաթեթի մշակման գործընթացն անցկացվել է ներառականության՝ լայն խորհրդակցությունների և հանրային քննարկումների միջոցով:
Ի լրումն իրենց նախկին առաջարկությունների՝ հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը տվել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ընտրությունների անցկացման դրույթների հետագա փոփոխության, ընտրական ցուցակների հետ կապված անձնական տվյալների պաշտպանության դյուրացման, կուսակցությունների ֆինանսական վերահսկողության կառուցակարգերի լավարկման և կուսակցությունների ցուցակների գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորումների հստակեցման վերաբերյալ: