Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է քրեակատարողական ոլորտում վերապատրաստումներ իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպում:
Հանդիպման շրջանակներում ուրվագծվել է նշված ոլորտին վերաբերող ապագա բարեփոխման տեսլականը՝ վերապատրաստումների ավելի արդյունավետ համակարգման և դրանց շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարական ուղիների զարգացման, քրեակատարողական հիմնարկներում ծառայության կազմակերպման և վերապատրաստման նոր մոդելի ներդրման համատեքստում:
Ներկաները կարևորել են Արդարադատության նախարարության նախաձեռնողականությունն ու պատրաստակամություն են հայտնել հետագա հանագործակցության համար:
Ամփոփելով հանդիպումը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանն առաջարկել է հաջորդ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերին, որի շրջանակներում կամփոփվի այս քննարկումների արդյունքում նախանշված գործողությունների ընթացքը և կհստակեցվի 2024 թվականի քրեակատարողական ու պրոբացիայի ծառայության աշխատակիցների շրջանում իրականացվելիք վերապատրաստումների շրջանակը:
Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Սոցիալական արդարություն», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: