ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքներ և իրավունքներ. նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ժնևում բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

13/10/2023

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:
Կարեն Կարապետյանը Կոմիտեին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների և էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ հատուկ անդրադարձ կատարելով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հայկական պատվիրակությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
Պատվիրակությունը ներկայացրել է զեկույցով վերհանված խնդիրների առնչությամբ Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը՝ ըստ ոլորտների: Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Դաշնագրի հոդվածների կիրառման համատեքստում արդարադատության ոլորտում ինչպես 2014-2019թթ. այնպես էլ 2019-2023թթ. պետության գրանցած առաջընթացը՝ անդրադառնալով Դաշնագրի հոդվածների օրենսդրական ապահովման և կիրառման, դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի, իրավահավասարության ապահովման, ազգային փոքրամասնությունների իրավունքների անխոչընդոտ իրականացման, քրեակատարողական հիմնարկներում անչափահասների իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման, խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության և մի շարք այլ ոլորտներում կատարված օրենսդրական բարեփոխումներին և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախագծերին։
Պատվիրակները պատասխանել են նաև Կոմիտեի անդամների և Հայաստանի վերաբերյալ զեկուցողների կողմից ուղղված հարցերին:
Կոմիտեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին զեկույցի մշակման և գնահատման ընթացքում համագործակցության համար: Հանձնաժողովի փոխնախագահ և ազգային զեկուցող տիկին Լեմուս դե Վասկեսն իր եզրափակիչ ելույթի ընթացքում կարևորել է Հայաստանի հետ այս տարիներին ունեցած կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել քննարկման ընթացքում հայկական պատվիրակության կողմից հանգամանալից ներկայացված լրացուցիչ պարզաբանումների համար: Կոմիտեն նաև ընդգծել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ Դաշնագրի հոդվածների կիրառմանն ուղղված բարեփոխումների շարունակականության հարցում։
Նստաշրջանի արդյունքներով Կոմիտեն կներկայացնի իր եզրափակիչ դիտարկումներն ու առաջարկությունները՝ Հայաստանում տնտեսական, սոցիալական և մշակույթային իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման նպատակով հետագա քայլերի վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան նոր` 5-րդ պարբերական զեկույցի մշակման համար: