Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումները. Նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում ներկայացրել է նախագիծը
20/10/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի փաթեթը:
Նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը:
Նախատեսվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով:
Գրիգոր Մինասյանը նշել է, որ բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ:
Միևնույն ժամանակ, որպես հիմնական զեկուցող նախարարը հայտնել է, որ Ազգային ժողովի կողմից Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՀՀ Կառավարությունը գրավոր եղանակով ներկայացրել է Նախագծում փոփոխություններ և հստակեցումներ կատարելու առաջարկներ, մասնավորապես առաջարկվել է.
- Հստակեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքի վերաբերյալ հարցերով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից նիստերը հրավիրելու և վարելու կարգը.
2.Նախատեսել, որ կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելիս և իրականացնելիս կաշկանդված չլինի հաղորդմամբ ներկայացված իրավական հիմքերով և հիմնավորումներով:
- Նախատեսել, որ կարգապահական վարույթները միավորելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը ուղարկվի նաև հաղորդում ներկայացրած անձանց.
- Հստակեցնել Նախագծով լրացվող՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքով որոշումների կայացման կարգը և այլն:
Նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցով վերահաստատած հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված: Նախագծով առաջարկվող լուծումներն այս պահին միակ հնարավոր լուծումներն են, որ կարող են փոխզիջումային լինել` չհակասելով Սահմանադրական կարգավորումներին, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում: