Նոր նախագծով առաջարկվում է սոցիալական երաշխիքներ սահմանել հանրային պաշտպանների համար
23/10/2023
Արդարադատության Նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 15 տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով:
Լևոն Բալյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոններով, այն է՝ յուրաքանչյուր տարի գրանցվող հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաև ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելու հանգամանքով: Չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը (ներկայումս նրանց թիվը 69 է), Հանրային պաշտպանների ներկայիս թվաքանակը թույլ չի տալիս նրանց չներգրավվել արտաժամյա աշխատանքում:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրային պաշտպանի գրասենյակը բախվել է մի խնդրի, որի շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցում են քննչական և այլ դատավարական գործողությունների, այսինքն՝ կատարում են արտաժամյա և գիշերային աշխատանք, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Այնինչ, նման դեպքերի համար լրացուցիչ վարձատրության իրավունքը Աշխատանքային օրենսգրքով ամրագրված երաշխիք է:
Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար, ընդ որում՝ գրասենյակի ղեկավարին և տեղակալներին այն չի հատկացվելու:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև թվային տվյալներ, ըստ որի՝ 2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամ, մասնակցել են քննչական և այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում՝ Երևանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում, իսկ արդեն 2022 թվականին հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է հասնելով 421, որից 307 դեպքում՝ Երևանում, 114 դեպքում մարզերում:
Հանրային պաշտպանի գրասենյակի վարած քրեական գործերի քանակը վերջին 7 տարիների վերլուծությամբ (բացի 2020թ.) ավելացել է նախորդող տարվա համեմատ յուրաքանչյուր հաջորդ տարի միջինում մոտ 19%-ով, իսկ քաղաքացիական գործերով՝ միջինում մոտ 43%-ով: Ներկայումս մեկ հանրային պաշտպանը վարում է միջինում 210 քրեական գործ:
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան 67 մլն 167 հազար 360 դրամի չափով: