Դատավորների աշխատավարձերի բարձրացում, Արբիտրաժային կենտրոնի ստեղծում. Արմենուհի Հարությունյանը հայ իրավաբանների համագումարին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

28/10/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն այսօր մասնակցել է «Հայ իրավաբանների համագումարի» պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Հարությունյանը իր խոսքում կարևորել է միջոցառումը և սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է Կառավարության կողմից հաստատված՝ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը, որտեղ նախանշված են առաջիկա 5 տարիների համար ոլորտի հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները: Ռազմավարության ընդունման հիմքում, ի թիվս այլնի, ընկած են նաև դատական համակարգի անկախության, անկողմնակալության և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման, մի շարք օրենսդրական ակտերի բարելավման, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Ռազմավարությամբ նախատեսված են թվով 12 ռազմավարական նպատակներ և դրանց ներքո 41 ռազմավարական ուղղություններ՝ էլեկտրոնային արդարադատության, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման, ժողովրդավարական ինստիտուտների (մասնավորապես` սահմանադրական, ընտրական) և դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, վարչական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, փաստաբանության, հարկադիր կատարման, նոտարիատի և արդարադատության համակարգի ընդհանուր զարգացման այլ ոլորտներում:
Նախարարի տեղակալն անդրադարձել է հաշվետու ժամանակաշրջաններում կատարված և ընթացիկ մի քանի հիմնական միջոցառումներին՝ «էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծմանը, դատավորների աշխատավարձերի բարձրացմանը, Սահմանադրական բարեփոխումներին, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակներում տնային կալանք, վարչական հսկողություն խափանման միջոցներին, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծմանն ու նախարարության կողմից իրականցվող մի շարք բարեփոխումներին: