Նիդերլանդների Թագավորությունը պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից տեղահանված արդարադատության ոլորտի մասնագետներին

03/11/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված աջակցության, ինպես նաև Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից հոկտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առջև ՀՀ-ի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ կատարված հայտարարության համար։
Գրիգոր Մինասյանը նշել է հոկտեմբերի 3-ին վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում Նիդերալանդների Թագավորության կողմից աջակցության կարևորությունը:
Յապ Ֆրեդերիքսը հաստատել է Նիդերլանդների Թագավորության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը Հռոմի ստատուտի կիրարկմանը վերաբերելի բոլոր հարցերում։
Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության առկա օրակարգը, ինչպես նաև վերջինիս ամրապնդման և զարգացման հեռանկարները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների ընթացքում աջակցության հնարավոր ուղղիներին։
Կողմերը նախանշել են նաև դատական, մարդկային ռեսուրսների զարգացման և այլ ուղղություններով կատարվող աշխատանքների շուրջ համագործակցությունը։ Հատկապես ընդգծվել է դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում համագործակցության հնարավորությունը։
Կողմերը հիշատակել են Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի կարևոր դերը` ոլորտը պատժողականից վերականգնողականի վերակազմակերպելու հարցում։
Երկուստեք քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, սոցիալական աջակցության, ինտեգրման հարցերում Նիդերլանդների Թագավորության կողմից աջակցության հնարավոր ուղղությունները։ Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի մասնագետներին աշխատանքային հնարավորություններ ընդձեռնելու հանձնառությունը։