Ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավում, ՔԿՀ-ների կառավարման համակարգի արդիականացում. Նախանշվել են Քրեակատարողական ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները
03/11/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել են Քրեակատարողական ոլորտի 2024-2026թթ.-ի հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան։ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է ազատազրկված անձանց պահման պայմանների պատշաճ ապահովումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է թվով չորս քրեակատարողական հիմնարկների փակումը և նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախատեսվում է հաշմանդամություն և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար ապահովել արդարադատության որակյալ առողջապահության հասանելիություն, մատչելի միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Նախատեսվում է կալանավորված կանանց և դատապարտյալների համար ապահովել կենցաղային արժանապատիվ պայմաններ՝ սանհանգույցի և այլ տարածքների բարելավման միջոցով, ինչպես նաև ստեղծել գենդերազգայուն այլ պայմաններ (մոր և մանկան բաժին, կին անձնակազմի ընդլայնում, ինչպես նաև կին ղեկավարներ): Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ՔԿՀ-ների խցերը, կացարանները և անհրաժեշտ այլ տարածքներն ապահովել մատչելի պայմաններով (թեքահարթակներ, բռնակներ, ջրի հասանելի ծորակներ և այլն) և խելամիտ հարմարեցված միջոցներով (հատուկ վերականգնողական սարքավորումներ կամ օժանդակ սարքեր լսողության, տեսողության կամ խոսքի խնդիրներ ունեցող դատապարտյալների համար): Նախանշված ուղղություններով նախատեսվում է շարունակել վերասոցիալականացման ծրագրերն ու այս ուղղությամբ իրականացնել դատապարտյալների մասնագիտական կրթության կարիքների գնահատում, ինչպես նաև ապահովել կրթության իրավունքի շարունակականություն և ներդնել կրթական նոր ծրագրեր: ՔԿՀ-ների կառավարման համակարգի արդիականացման շրջանակում նախատեսվում է բարելավել ՔԿՀ-ներում և պրոբացիայի ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգը, ՔԿՀ-ները զինել անվտանգության և հսկողության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, ապահովել կառավարման արդյունավետ մեխանիզմներ և այլն: Մշակել ներքին հսկողության մեխանիզմ՝ կալանավորված անձանց, դատապարտյալների, ՔԿՀ-ի անձնակազմի կողմից կատարված խախտումները բացահայտելու և արձագանքելու համար: