Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելում, վերասոցիալականացման ծրագրեր. Նախարարի տեղակալն ու Պրոբացիայի ծառայության ղեկավարը Վրաստանում մասնակցել են միջազգային համաժողովի

07/11/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը Վրաստանում մասնակցել են «Նորարարություններ դատապարտյալների և պայմանական ազատազրկվածների վերականգնողական և վերասոցիալականացման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովին:
Թբիլիսիում համաժողովը բացել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Միջոցառմանը տարբեր երկրներից մասնակցել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներ։
Համաժողովին քննարկվել են անչափահասների արդարադատության ոլորտին, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմանը, վերականգնողական արդարադատությանը, ինչպես նաև վերասոցիալականացման ծրագրերին առնչվող հարցեր:
Միջոցառմանը զուգահեռ կազմակերպվել է նաև թեմատիկ ցուցահանդես, որտեղ պատվիրակները ծանոթացել են Վրաստանի կողմից հաջողությամբ իրականացված բարեփոխումներից PROBBOX-ին և «Re-market»-ին։
Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների միջև: Հանդիպում է կայացել նաև Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Բուբա Լոմուաշվիլիի Հանցավորության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության ղեկավար Լադո Խելաձեի և արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ու Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի միջև։ Կողմերը ներկայացրել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կիրառվող նորարարություններն ու իրականացված ոլորտային բարեփոխումները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև շրջայց քրեակատարողական հիմնարկում, որտեղ մասնակիցները ծանոթացել են հաստատությունում պատիժը կրող անձանց պահման պայմաններին և վերասոցիալականացման ուղղությամբ առաջարկվող նորարարական լուծումներին։