Պրոբացիայի ծառայությունն ամրապնդվում է արդարադատության ոլորտում․ Նախարարի տեղակալը կարևորել է ԵԽ հետ համագործակցությունը

14/11/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Պրոբացիայի ծառայության և այլ պետական հաստատությունների ու շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության վերաբերյալ աշխատաժողովին, որտեղ բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագիրը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են իրականացվում ամրապնդելու՝ Պրոբացիայի ծառայության դերակատարումն արդարադատության ոլորտում:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պրոբացիայի ոլորտում միջգերատեսչական համագործակցության միջազգային ստանդարտները և եվրոպական առաջավոր փորձը , քննարկվել է կարիքների գնահատման զեկույցը, մասնավորապես ՝ Պրոբացիայի ծառայության հետ միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության ամրապնդման հնարավոր ոլորտները, դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:
ԵԽ ազգային խորհրդատու Դավիթ Մելքոնյանը խոսել է միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության ներկա վիճակի և Հայաստանում օրենսդրական կարգավորման շրջանակի մասին, ինչպես նաև ներկայացրել է իրավակարգավորող և գործառնական շրջանակի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ։
Հանդիպման ավարտին տեղի են ունեցել առաջարկությունների վերաբերյալ պետական մարմիններից ստացված դիտարկումների քննարկում, հարց ու պատասխան։
Աշխատաժողովին մասնակցել են նաև Ներքին գործերի նախարարության, Պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի և մարմինների ներկայացուցիչները: Աշխատաժողովը կազմակերպվել և ֆինանսավորվել է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում։