Ընդլայնվում է միջազգային գործընկերների աջակցությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներին

01/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային գործընկերների համակարգող աշխատաժողով։
Աշխատաժողովի նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել ոլորտային բարեփոխումների առաջընթացը, նախատեսվող գործողություններն ու դրանց առաջնահերթությունները, քննարկել միջազգային գործընկերների կողմից աջակցության տրամադրման ուղղություններն ու ոլորտային զարգացմանն ուղղված միջոցառումների ընդլայնման հնարավորությունները։
Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ով բարձր է գնահատել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգը և այդ գործընթացներում միջազգային չափանիշների ներդնումը։ Նա կարևորել է նախարարության հետ տարբեր ձևաչափերով այդ թվում՝ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով իրականացվող համագործակցությունը:
Իր խոսքում Կարեն Կարապետյանը ողջունել է միջազգային գործընկերների հետ ունեցած ռազմավարական տարբեր ոլորտներում աշխատանքը և շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները, այդ թվում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։
Ներկայացվել են արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում գրանցված բարեփոխումները՝ մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, ինչպես նաև թվայնացման ոլորտներում:
Աշխատաժողովի երկրորդ հատվածում ըստ ոլորտների բաժանված աշխատանքային խմբերի միջոցով քննարկվել են ռազմավարական ուղղություններով ոլորտային կարիքները և միջազգային գործընկերների կողմից դրանց իրականացմանն ուղղված աջակցության հեռանկարները։
Միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ուրվագծված ոլորտային ծրագրերի ներդրման ուղղությամբ շարունակել քննարկումները, ինչպես նաև համագործակցության այլ հնարավորությունները:

Աշխատաժողովին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներ: