Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի շրջանակներում առաջարկվում է բարձրացնել ինքնակամ կառույցների և կառուցապատումն սահմանված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափը: Նախագծով առաջարկվում է․
• հողօգտագործման կամ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքը դարձնել 750000-ից 1500000.
• նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու համար տուգանքը՝ մինչև 2000-ապատիկից դարձնել 2000000 դրամ
• վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը դարձնել մինչև 2500000 դրամ:
Նախարարի տեղակալը նշել է, որ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հավաքագրվել են լրացուցիչ վիճակագրական տվյալներ ինքնակամ կառույցների վերաբերյալ: Արդյունքում պարզ է դարձել, որ իրավախախտումները դեռ շարունակվում են մեծ թիվ կազմել և ինքնակամ կառույցների դեմ պայքարում Կառավարության և ԱԺ կողմից ընդունված 2021-2022 թվականների իրավական ակտերի փոփոխությունները ցանկալի արդյունք դեռ չեն տվել: Ավելին, փոփոխությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ շինարարության թույլտվություն ստանալու տուրքի չափն ավելի բարձր է, քան ինքնակամի համար սահմանված տուգանքը: Հարությունյանի խոսքով՝ հենց վիճակագրական տվյալների այդ պատկերով նույնպես հիմնավորվում է Նախագծով առաջարկվող տուգանքի չափի բարձրացումը։