ԶԼՄ օրենսդրությունը կլավարկվի. բարեփոխումները քննարկվել են լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ

21/12/2023

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը ելույթով է հանդես եկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ տեղի ունեցած քննարկմանը: Նախագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակում ճանաչել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները, ԶԼՄ-ների հասկացությունը համապատասխանեցնել արդի միջազգային չափանիշներին և ինքնակարգավորման համակարգ ունենալը դիտարկել որպես լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության չափանիշ: Նախագծով առաջարկվում է նաև օրենքով ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող կամ այդ միջոցներին միացած ԶԼՄ-ներին դիտարկել նաև որպես հանրությանը իրազեկող միջոցներ դրանով իսկ ընդգծելով այդպիսի ԶԼՄ-ների պատրաստակամությունը հանդես գալու որպես սոցիալապես պատասխանատու լրատվամիջոց: Նախագծով հնարավորություն է նախատեսվում նաև ստեղծելու ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջոցների անկախ միավորում Մեդիախորհուրդ, որը կիրականացնի այդպիսի ինքնակարգավորման միջոցների ճանաչումը: Հանրային քննարկմանը մասնակցել են ոլորտում գործող ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հնչեցրել իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները: Հանրային քննարկման բանախոսներն են եղել նաև Freedom House կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը և կազմակերպության փորձագետ Գենյա Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Գևորգ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ: