Շուրջ 25 տարի առաջ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն՝ ամբողջությամբ նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն․Կառավարությունը հավանության է արժանացրել նախագծերի փաթեթը
11/01/2024
Կառավարությունը հավանության է արժանացրել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝
• ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ, որով վարույթը հարուցվելուց հետո՝ 2 շաբաթվա ընթացքում եթե քաղաքացին կամովին վճարի պարտավորությունը, ապա կգանձվի ընդամենը 2 տոկոսի չափով կատարողական վճար՝ նախկին 5 տոկոսի փոխարեն։
• երկու կողմերը կկարողանան փոխադարձ համաձայնությամբ հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը։ Նախկինում դա միայն դատարանի առանձին որոշմամբ էր հնարավոր։
• վերացվում է հնացած կատարողական թերթի ինստիտուտը, և դատական ակտի հարկադիր կատարման հիմք է դառնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված դիմումը.
• ներդրվում է կատարողական վարույթի շրջանակում էլեկտրոնային ծանուցման համակարգ, որով կատարողական վարույթների անձնական գրասենյակում գրանցված քաղաքացիները վարույթի մասին իրենց համաձայնությամբ կծանուցվեն գրասենյակի և դրան կցված էլեկտրոնային փոստի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։
• վարույթ ունեցող քաղաքացին որոշ դեպքերում հնարավորություն է ստանում վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել արգելադրված գույքը՝ վարձավճարը ու վաճառքի գինը վճարելով ՀԿԱԾ դեպոզիտ հաշվին։
Նախագծի ընդունմամբ կբարձրացվի կատարման արդյունավետությունը, կներդրվեն անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ունենալու համար հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի։