ԵԽ-ն մեկնարկել է Հայաստանում տեղահանված անձանց իրավունքների և սոցիալական երաշխիքների ամրապնդման ծրագիր

26/01/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգի և այդ գործում Եվրոպայի խորհրդի դերակատարման հարցերը։ Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն բարձր է գնահատում բոլոր վերոնշյալ բարեփոխումների օրակարգում Եվրոպայի խորհրդի ու դրա մարմինների, հատկապես՝ «Վենետիկի հանրձնաժողովի» ու «Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) փորձագիտական կարծիքների կիրառումը և հանձնարարականների իրականացումը:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը: ԵԽ գործընկերները ներկայացրել են Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագիրը և դրա երեք ուղղությունները՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության լավարկում, սոցիալական երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում: Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականցման կարգավիճակին, այդ թվում՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ու «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների մշակման գործընթացին և այս ոլորտում ԵԽ փորձագիտական աջակցության տրամադրման կարևորությանը: Քննարկվել են նաև դատաիրավական, հակակոռուպցիոն և սահմանադրական բարեփոխումների ընթացքի, դատական համակարգում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման և այս ուղղությամբ ԵԽ փորձագիտական աջակցության տրամադրման կարևորության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են նաև փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարները: