Մոլորեցնող ու կեղծ նյութ. Fip-ը հերքում է անհերքելին

06/02/2024

Fip.am լրատվական կայքը խեղաթյուրել է փաստերը և պնդել, թե Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն սխալ է մեկնաբանել Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները: Հոդվածագիրը մեջբերել է Կառավարության նիստում Գրիգոր Մինասյանի խոսքը, որում նախարարն արդարացիորեն նշել է, որ տարին անբարենպաստ էր աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի առումով, քանի որ մի շարք երկրներ հետընթաց են արձանագրել համաթվում: Նախարարը ներկայացրել է Իռլանդիայի, Իսլանդիայի և Վրաստանի օրինակը, հայտնելով, որ երկրները 3 միավորի նահանջ են ունեցել, իսկ Հայաստանը մեկ միավորով բարելավել է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ: Լրատվամիջոցը նշել է, որ Իսլանդիան ոչ թե 3, այլ 2 միավորի անկում է գրանցել, իսկ Իռլանդիան պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը: Հոդվածագիրն այս հանգամանքը բավարար է համարել նախարարին մեղադրելու, փաստերը խեղաթյուրելու և սխալ ներկայացնելու մեջ: Մինչդեռ, բացի Իսլանդիայից, ԵՄ անդամ ևս 8 երկիր՝ Շվեդիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լիտվա և Հունաստան, ինչպես նաև մի շարք այլ զարգացած պետություններ անկում են գրանցել, ինչն առավել քան հաստատում է նախարարի պնդումը, որ Հայաստանի մեկ միավորի աճը կարևոր ձեռքբերում է: Կառավարության նիստում Գրիգոր Մինասյանը որպես օրինակ ԵՄ մի երկրի փոխարեն, որը 3 միավորի անկում է ունեցել, նշել է ԵՄ մեկ այլ պետության անվանում: Այս հանգամանքը լրատվամիջոցը ներկայացրել է, որպես «լրջագույն» խեղաթյուրում: Հոդվածի հեղինակը, թեև ընդունում է, որ Վրաստանի մասին նախարարի նշած տվյալները լիովին համապատասխանում են իրականությանը, այնուամենայնիվ, այս հանգամանքը անտեսել է` իր մանիպուլյատիվ վերնագիրն ընտրելիս և Գրիգոր Մինասյանին սխալ տվյալներ ներկայացնելու մեջ մեղադրելիս: Ինչ վերաբերում է հոդվածագրի կողմից ուշադրության արժանացած՝ «Հայաստանի մեկ միավորը շատ գնահատվի» արտահայտությանը, ապա, բացի վերոգրյալ ցուցանիշներից, հարկ ենք համարում հիշեցնել, որ 2018թ.-ից հետո Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում գրանցել է 12 միավորի աճ՝ ցուցանիշը 35-ից հասցնելով 47-ի:
Լիահույս ենք, որ լրատվական կայքը՝ հետայսու հոդվածներ հրապարակելիս ժամանակ կտրամադրի ուսումնասիրելու ներկայացվող տվյալները, հաշվի կառնի նյութի բովանդակությունը և զերծ կմնա կեղծ ու մոլորեցնող վերնագրերով լրագրողական էթիկայի կոպտագույն խախտումներից: