Վարչապետին է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը

15/02/2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ուղեկցությամբ, այցելել է ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին: Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ վարչապետը հետաքրքրվել է թե արդյո՞ք կալանավորված կամ դատապարտված անձանց ուղեկցումների հետագծելիությունը նախատեսվո՞ւմ է այս գործընթացում: Գրիգոր Մինասյանը նշել է, որ հետագծելիության հարցը, օրինակ, Հարկադիր կատարման ծառայությունում լուծվել է GPS սարքավորումների ներդրմամբ: Այստեղ նույնպես կարելի է նույնն անել: Հանդիպման ընթացքում զեկուցվել են մի շարք կարևոր հարցեր՝
1․ Գերմանական մոդելով նոր բանտի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, հայտարարվել է մրցույթ, առկա է հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ․ նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթեր։
2․ Ազատությունից զրկված անձանց կրթության ապահովման շրջանակներում ապահովվել է 8 անձի բարձրագույն և հետբուհական կրթությունը։
3․ Շինբարեկարգման աշխատանքների շրջանակներում՝ ի թիվս այլ աշխատանքների «Սևան» ՔԿՀ-ում կառուցվելու է նոր մասնաշենք՝ նախատեսված 216 ազատազրկված անձի համար։ Արդեն իսկ ձեռք է բերվել նախագծային փաթեթը։
4․Հանձնուքների ընթացակարգերի վերանայման շրջանակներում նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և ԵՄ փորձի հիման վրա վերանայել ազատազրկված անձանց տրամադրվող սննդի և հիգիենայի պարագաների տեսականին, չափաբաժինները և որակը։
5․Նախատեսվում է ներդնել «Ազատազրկված անձանց անձնական գրասենյակ» մոդուլը, որտեղ հավաքագրվելու է կալանքի կամ պատժի կրման ընթացքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, օրինակ՝ ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը, վերասոցիալականացման անհատական պլանը, տույժերը, խրախուսանքները և այլն։
Զեկուցվել է, որ Ծառայության բյուջեն կատարվել է 99,79%-ով: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ներկայումս ընթանում են ատեստավորման կարգի մշակման աշխատանքները, նախատեսվում է մեկնարկել 2024թ. ապրիլին։
Ներկայացվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդիականացման ճանապարհները․ ծրագրվում է մշակել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ և քրեական պատասխանատվություն նախատեսել՝ ազատազրկված անձանց կապի ցանկացած միջոց փոխանցելու, իսկ ազատազրկվածների կողմից նման միջոցներ ձեռք բերելու և պահելու համար։