Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցին։
Հանդիպումը նվիրված է եղել հասարակական կազմակերպությունների և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ հնարավոր համագործակցության քննարկմանը՝ ուղղված հոգեկան առողջության ոլորտում օրենսդրության և պրակտիկայի կատարելագործմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ծրագրի համակարգող Դավիթ Աղաբեկյանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հկ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Արդարադատության նախարարության հետ տարբեր ուղղություններով տարվող արդյունավետ աշխատանքի համար։ Անդրադառնալով հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռի կատարման շրջանակներում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ իրականացվելիք միջոցառումներին՝ կապված անգործունակության և սահմանափակ գործունակության ինստիտուտների լավարկման հետ։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ․գործողությունների ծրագրով նախատեսվում է անգործունակ ճանաչված անձանց՝ արդարադատության մատչելիության իրավունքին առնչվող իրավակարգավորումների վերանայում և կատարելագործում։Կարեն Կարապետյանն ընդգծել է հասարակական կազմակերպությունների փորձագիտական ներուժի կարևորությունն, ինչպես օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման, այնպես էլ դատավորների և դատահոգեբուժական փորձագետների վերապատրաստումների անցկացման համար Կառավարությանն աջակցություն տրամադրելու տեսանկյունից։Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանն անդրադարձել է անգործունակության ինստիտուտի լավարկման նպատակով նախատեսվող նախաձեռնություններին և շեշտել այս գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ երկխոսության կարևորությունը։Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ընդգծելով Արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակը և ներկայացրել իրականացվող ծրագրի առանցքային կետերն ու նախատեսվող հիմնական միջոցառումները։Հանդիպման ավարտին ծրագրի շրջանակներում համագործակցության կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախանշվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը։