«Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթ՝ դպրոցականների համար
05/03/2024
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում: Մրցույթի նպատակն է մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելքիների պաշարը դպրոցահասակ երեխաների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևելու անվտանգ համացանցի կանոններին:
Մասնակիցներն աշխատանքները կարող են ներկայացնել իրենց նախընտրելի ձևաչափով (էսսե, տեսանյութ, փոքրիկ հոլովակ, գեղանկար, լուսանկար) սույն թվականի մարտի 5-ից մինչև ապրիլի 15-ը՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց, դասարան և կոնտակտային հեռախոսահամար: Աշխատանքները կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային փոստի (armenianpdpa@gmail.com) միջոցով, այնպես էլ՝ ուղարկելով նամակ Գործակալության հասցեին (ք. Երևան, 0051, Կոմիտաս 54բ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն):
Լավագույն երեք աշխատանքները կպարգևատրվեն մրցանակներով մրցույթի տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի կողմից (առաջին մրցանակ՝ սմարթ հեռախոս, երկրորդ մրցանակ՝ սմարթ ժամացույց, երրորդ մրցանակ՝ անլար ականջակալ): Ինչպես նաև կլինեն հատուկ մրցանակներ Զանգակ գրատան կողմից: Իսկ առաջին տեղը զբաղեցրած երեխայի դպրոցը կստանա նաև գրքերի շարք՝ գրադարանի համալրման նպատակով:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցանակների հանձնման և իրազեկման միջոցառմամբ, որի ընթացքում տեղի կունենա նաև Գործակալության կազմած և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) օժանդակությամբ հրապարակված «Երախաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» բուկլետի շնորհանդեսը:
Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 594 193, 010 594 194: