Հայաստանն ու Վրաստանը կսերտացնեն հարբերությունները արդարադատության ոլորտում. Հայ-վրացական իրավական ֆորումի ամփոփումը
16/04/2024
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունները, Հայ-վրացական իրավական ֆորումի արդյունքում, պայմանավորվածություն են ձեռք բերել սերտացնել ոլորտային հարաբերությունները: Ֆորումի փակմանը Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին երկօրյա արդյունավետ աշխատանքի և մտքերի փոխանակման հնարավորության համար:
Նախարարի տեղակալը նշել է, որ կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու երկու երկրներում իրավական ոլորտի վերջին զարգացումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտներում կիրառվող նորարարությունները, երեխաների իրավունքների պաշտպանությունը, արտահանձնման ու ապաստանի ընթացակարգերի փոխկապակացվածությունը։ Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգին ու այս ոլորտում փաստաբանների դերին։
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել Հայաստանի արդարադատության նախարարության և Վրաստանի կառավարության աշխատակազմի մարդու իրավունքների քարտուղարության միջև համագործակցությունը և շարունակել խտրականության դեմ ուղղված օրենսդրության ու պրակտիկայի շուրջ փորձի փոխանակումը։ Կարևորվել է կենտրոնի և Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների կազմակերպումը:
Պայմանավորածություն է ձեռք բերվել նաև փոխանակվել հաշտարարության էլեկտրոնային գործիքների կիրառման փորձով։ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կարևորվել է պրոբացիայի շահառուների համար probox սարքավորման պրոտոտիպ հանդիսացող մատնահետք կարդացող սարքերի վերաբերյալ փորձի փոխանակումը, ինչպես նաև Վրաստանի Սաակաձե վերապատրաստման հաստատատությունում քրեակատարողական ծառայողների համատեղ վերապատրաստումների կազմակերպումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև քննարկելու ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայության միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը։ Երկու արդարադատության նախարարությունները համաձայնել են հաստատել համակարգման մեխանիզմներ՝ զարգացնելու համար երեխաների առևանգման դեպքերի արդյունավետ և արագ քննարկումը։
Նախատեսվել է նոտարական և սնանկության էլեկտրոնային համակարգերի ուղղությամբ կատարված աշխատանքերի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այս ուղղություններով վրացական արդեն իսկ կայացած փորձը։ Նկատի ունենալով ներպետական օրենսդրությունը և պրակտիկան ԵՄ համակարգին մոտարկելու և դրա հետ ներդաշնակեցնելու վրացական հաջող և դրական փորձը՝ կարևորվել է այս ուղղությամբ ևս համագործակցության խորացումը։
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստան այցելության համար, և հույս հայտնել, որ այս համագործակցությունն իր նպաստը կբերի երկու երկրների արդարադատության համակարգերի զարգացմանը։ Հայ-վրացական իրավական հաջորդ ֆորումը տեղի կունենա Վրաստանում: