Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը չպետք է պակաս լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում

02/05/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում են պարտապան ֆիզիկական անձանց համար մի շարք լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, մասնավորապես.

200.000 և ավելի դրամ բռնագանձման պահանջով վարույթներով առաջարկվում է նախատեսել հնարավորություն պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը տարածել պարտապանի եկամուտների վրա, եթե չկան բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար,

պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից (բացառությամբ ալիմենտի, առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորությունների կատարման վարույթների), իսկ պարտապանի կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից,

բռնագանձում չի կարող տարածվել այն գույքի վրա, որը Կառավարության որոշման հիման վրա տրամադրվում է որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե Կառավարության նույն որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ։