Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների հետ Կարեն Կարապետյանը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

08/05/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության պատվիրակությանը։ 
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ կարևորելով ձևավորված համագործակցությունը և ԵԽ ներդրումը Հայաստանում ընթացող մարդու իրավունքների, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցում: Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին տարիներին նախարարության կողմից նախաձեռնված մի շարք կարևորագույն նախագծերի մշակման գործում Հանձնաժողովի ցուցաբերած գործուն աջակցությանը։ Կողմերը քննարկել են նախարարության կողմից մշակված «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ համատեղ կարծիքին։ Քննարկվել են նախագծի մշակման աշխատանքները և հանրային քննարկումների ընթացքը, ինչպես նաև նախագծում տեղ գտած մի շարք առանցքային կարգավորումները, այդ թվում՝ նախագծով սահմանված՝ Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմավորման կարգն ու գործառույթները։
Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կարևոր իրավական հարցի շուրջ կառուցողական երկխոսության ունենալու համար։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու նախագծի շուրջ քննարկումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության նախնական համատեղ կարծիքի մշակումից հետո։ Պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի անդամ Վերոնիկա Բիլկովան, փոխարինող անդամ Յաննեկե Խերարդսը, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դելֆին Ֆրեյմաննը, հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ Ռոլանդ Գյոնին, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Ֆեդերիկա Պրինան։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։