Պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. քննարկում պետական մարմինների և ՔՀԿ ներկայացուցիչների միջև

29/05/2024

Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես է եկել «Պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. առկա խնդիրները և նախատեսվող կարգավորումները» խորագրով Կառավարություն-ՔՀԿ ձևաչափով քննարկմանը:
Էլինա Գեղամյանը ներկայացրել է պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերջին օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից մշակված ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները՝ ընդգծելով, որ առաջարկվող կարգավորումներով հստակ սահմանվում են նվերի տնօրինման յուրաքանչյուր եղանակն ընտրելու հիմքերը, կարգը, այն իրավասու մարմինների շրջանակը, որոնք ներկայացնելու են առանձին հարցերի շուրջ մասնագիտական կարծիք: Նախարարի խորհրդականի խոսքով՝ այս քննարկումը և դրան նախորդած՝ հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած նվերների ինստիտուտի վերաբերյալ ֆոկուս-խմբային քննարկումները, շատ կարևոր են, և դրանց շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները շարունակաբար արտացոլվում են մշակվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծում:
Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են նվերների տնօրինման գործընթացի թափանցիկության, կանխատեսելիության, այդ գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման, նվերների ընդունման արգելքի պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողության, նվերների ինստիտուտի վերաբերյալ հանրության իրազեկվածության, լայն առումով՝ հակակոռուպցիոն կրթության կարևորությունը:
Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի կողմից: