Երևանում ամփոփվել է ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը

31/05/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ամփոփել են ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ինչպես բոլոր նոր ներդրվող ինստիտուտների, այնպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում՝ օրգանիկ զարգացման ընթացքում ի հայտ է գալիս բարելավումների անհրաժեշտություն, միաժամանակ նաև՝ հասարակության տեղեկացվածության բարձրացման կարիք:
Սուրեն Գրիգորյանը կարևորել է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջգերատեսչական համատեղ ջանքերը՝ ներկայացնելով, որ վերապատրաստմանը ներկա են Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները: Նախարարի տեղակալը մեծապես կարևորել է գործընթացին միջազգային գործընկերների՝ ԱՄՆ ՄԶԳ, ԵԽ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներգրավումը՝ միաժամանակ նշելով, որ միացել և ջանքերը համախմբելու պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական հասարակության գործընկերները։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրազեկման միջոցառումներ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների:
Արդարադատության նախարարի խորհրդական և ազդարարման արշավի համակարգող Լիանա Թովմասյանը նշել է, որ պատահական չէ վերջին վերապատրաստում-միջոցառումը հենց Երևանում անցկացնելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր մարզերում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստումներ և Երևանով ամփոփվում է ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված շրջափուլը, որն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Նախարարի խորհրդականը նաև տեղեկացրել է, որ հաջորդ քայլով կիրականացվեն հաղորդակցության տարբեր միջոցառումներ և վերապատրաստումներ Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում՝ արդեն 2024 թ. սեպտեմբերից:
Ներկաները վստահություն են հայտնել, որ միասնական ջանքերով նախանշված ծրագրերի իրագործումը մեծ ներդրում կլինի հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու և կոռուպցիայի դեմ պայքարի Կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու համար։
ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով: