Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է Հայաստանում նոր ստանդարտներով դատարանների շուրջ 30 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը
07/06/2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հավանության է արժանացել Արդարադատության նախարարության ներկայացված «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագիրը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ նախագծի բաղադրիչներով առաջարկվում է․
1. Դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում (դատարանի շենքի ներքին կառուցվածք՝ փակ, բաց, սահմանափակ գոտիներ, նիստերի դահլիճների, աշխատասենյակների նախագծում, գույքային ապահովվածության ստանդարտներ)
2. Դատարանի տիպային մոդելի մշակում՝ ըստ մասնագիտացումների և ատյանների
3. Դատական թվային ենթակառուցվածքների համար անխափան և անվտանգ միջավայր (տեխնիկական ապահովվածության ստանդարտներ, թվային ենթակառուցվածքների կառավարման մոդել, սերվերային տնտեսության պահպանման պայմաններ)
4. Բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում: 4 դատարանի վերակառուցում (3 մարզային դատարան և Երևանում մեկ միասնական քրեական դատարան՝ ներկայիս Կենտրոնի, Շենգավիթի, Ավանի, Աջափնյակի նստավայրերի փոխարեն)
5. Դատարանների շենքերի բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում: Դատարանների շենքերի պահպանման ռազմավարության մշակում
Արդարադատության նախարարության ծրագիրը ստացել է օրակարգային բոլոր նախագծերից ամենաբարձր գնահատականը՝ հաշվի առնելով, որ ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ) կազմել է շուրջ 74 տոկոս:
«Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը 5 տարի է, այն նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, ինչի արդյունքում իրենց լուծումը կստանան այնպիսի առօրեական և համակարգային խնդիրներ, ինչպիսիք են՝ դատարանների անհավասար շենքային պայմանները, պատշաճ գոտիավորման բացակայությունը, դատական համակարգի գրավչության բացակայություն, դատական գործընթացների անհարկի ձգձգումները նիստերի արձանագրման համակարգի խափանումների պատճառով, հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտները և այլ առաջնային խնդիրներ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է կարողանալ այնպիսի ստանդարտներով դատարաններ ունենալ, որ քաղաքացին չկարողանա հասկանալ ինքը գտնվում է Երևանի դատարանում, թե օրինակ՝ Գորիսի: