Երեխայի տեսակցության և պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթների ընթացակարգը նորմատիվ կարգավորում կունենա

08/07/2024

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2026թթ. ռազմավարությունից բխող գործողությունների կատարման շրջանակում Արդարադատության նախարարի հրամանով սահմանվել են երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարողական վարույթների իրականացման ընթացակարգերը:
Երեխայի լավագույն շահի ապահովման եվրոպական չափանիշների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչպես նաև ներպետական դատական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի վրա հիմնված փաստաթղթի հիմքում դեռևս 2021թ. Ծառայությունում ընդունված՝ Երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման ուղեցույցն է:
Հրամանով սահմանվում են.
1. տեսակցության և երեխայի հանձնման վարույթների շրջանակում երեխայի լավագույն շահի ապահովման գործիքակազմը՝ ընդգծելով երեխայի կարծիքն առավելագույնս հաշվի առնելու անհրաժեշտությունը.
2. այդ վարույթներով հոգեբան-փորձագետ ներգրավելու դեպքերը, փորձագետին առաջադրվող հարցերը.
3. տեսակցության վայրի, ժամանակի, տևողության, յուրաքանչյուր իրավիճակում հարկադիր կատարողի կողմից իրականացման ենթակա գործողությունների հաջորդականության վերաբերյալ կանոնները.
4. խնամակալության և հոգաբարձության մարմինների մասնակցության ապահովման դեպքերը և ընթացակարգը:
Հրամանի ընդունման նպատակը երեխայի տեսակցության և պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթներում կողմերի իրավունքների և երեխայի լավագույն շահի առավելագույն պաշտպանությունն է, այդ վարույթների իրականացման արդյունավետության բարձրացումը և միատեսակ պրակտիկայի ձևավորումը: Հրամանը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194666: