Ընտրական օրենսդրության փոփոխություններ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում․ Անցկացվել է Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ մարզային քննարկում
11/07/2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Շիրակի մարզում մասնակցել են Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:
Քննարկման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում կատարված աշխատանքները և իրազեկել դրանց ընթացքի ու արդյունքների մասին: Միջոցառման շրջանակում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սահմանադրական, դատական համակարգի բարեփոխումները, ընտրական օրենսդրության փոփոխությունները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը:
Դատական և իրավական բարեփոխումների ընթացքը ներկայացնելուց հետո Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնը, դրա ստեղծման և գործունեության կապակցությամբ իրականացված և նախաձեռնվող քայլերը: Ներկաները ողջունել են նման ձևաչափով մարզային հանդիպումների անցկացումը և մարզերի ներկայացուցիչների ներգրավումը նման քննարկումներին, ինչպես նաև կարևորել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությունը:
Հանդիպումների շարքն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրազեկման ծրագրի շրջանակում և նախատեսվում է հետագայում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպել նաև Լոռու և Սյունիքի մարզերում՝ ապահովելու համար Դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագրի հիման վրա: