Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպումն է կայացել. Ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշները

17/07/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպմանը՝ ընդգծելով ոլորտային բարեփոխումերի շրջանակներում Եվրոպական միության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության Կառավարության հանձնառությունը՝ եվրոպական լավագույն չափորոշիչներին համահունչ։
Նախարարի տեղակալը նշել է, որ այս համատեքստում առանքային հարթակ է հանդիսանում Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսությունը, որը հնարավորություն է տալիս արձանագրելու ոլորտում գրանցած առաջընթացը, առկա խոչընդոտները, ինչպես նաև նախանշելու հետագա անելիքները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է Արդարադատության նախարարության ջանքերն՝ ուղղված ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշների և երկու հաստատությունների միջև կայուն համագործակցության ապահովմանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի ձեռքբերումները, առաջընթացն ու պլանավորվող աշխատանքները՝ անդրադարձ կատարելով էլեկտրոնային արդարադատության գործիքներին, դատավորների գնահատմանը, դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգերին, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Կարեն Կարապետյանը խոսել է նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված աշխատանքների մասին՝ կարևորելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման նպատակով հաշտարարության ինստիտուտի ստեղծումը և հաշտարարների որակավորման ու վերապատրաստման շարունակական նախաձեռնությունները։ Նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ անդրադառնալով ռազմավարությունների իրականացման առաջընթացին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությանը, պաշտոնատար անձանց բարեվարքության եզրակացության հրապարակման հնարավորությանը, Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին և այլն։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ծրագրի 2024թ. առաջին կիսամյակի ձեռքբերումները՝ խոսելով կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտում վերապատրաստումների և իրազեկման աշխատանքների մասին։
Հանդիպման ավարտին ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակական աջակցություն տրամադրելու Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարությանը ոլորտային բարեփոխումների՝ եվրոպական լավագույն չափորոշիչներին համահունչ իրականացնելու համար։
Հանդիպման ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենը, Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Լուիզա Կլինգվալը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովաննիսյանը։