Բարնհաուս մոդելի կիրառման գործընթաց, քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ. Անչափահասների արդարադատության խորհուրդն արտագնա քննարկում է ունեցել
25/07/2024
Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության շրջանակում Արդարադատության նախարարի տեղակալ, Խորհրդի նախագահ Լևոն Բալյանի գլխավորությամբ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»-ում իրականացվել է շրջայց և արտագնա քննարկում: Խորհրդի անդամները ծանոթացել են 2023 թվականից Երևանում և Կապանում պիլոտային կարգով ներդրված Բարնահուս մոդելի կիրառման գործընթացին:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւնԻՍԵՖ) «Անչափահասների արդարադատության ծրագրի» համակարգող Վիկտորյա Օհանյանը: Հանդիպանը ներկա էին նաև անչափահասների արդարադատությանը առնչվող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելու և դատաբժշկական փորձաքննությունը Բարնահուսում կազմակերպելու հնարավորության հարցը:
Նշենք, որ Բարնահուս թարգմանաբար նշանակում է «Երեխայի տուն»: Բարնահուս է գալիս այն երեխան, ով որևէ կերպ առնչություն ունի սեռական և/կամ ծանր ֆիզիկական բռնության հանցագործությունների հետ: Նման իրավիճակներում հայտնված երեխաները մեկ տանիքի տակ ստանում են մի շարք ծառայություններ և անցնելով արդարադատության գործընթացների փուլերով, որպես կանոն, լինում են պաշտպանված և հայտնվում երեխայանպաստ միջավայրում:
Մոդելը Հայաստանում ներդրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՅՈւնԻՍԵՖ-ի, արդարադատության նախարարության և ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության համագործակցությամբ: Հանդիպման ավարտին որոշվել է Խորհուրդի անունից դիմել քննչական կոմիտե՝ սեռական և/կամ ծանր ֆիզիկական բռնության հանցագործությունների հետ առնչություն ունեցող անչափահասների հարցաքննությունը հնարավարության սահմանաններում Բարնահուս կենտրոններում քննելու նախաձեռնությամբ՝ երեխայի լավագույն շահի և քննությունն արդյունավետ ապահովման նպատակով: