30 դատապարտյալ դրական գնահատականով է ավարտել հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու էքստեռն քննությունը

26/07/2024

Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները:

Քննություններին մասնացել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացներին: Քննությունները անցկացվում են ԿԳՄՍ նախարարի հաստատված հանձնաժողովների կողմից։

Էքստեռն ավարտական քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 37 դատապարտյալ, մասնակցել է 34 դատապարտյալ, 3-ը հրաժարվել են մասնակցել քննություններին։ Հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի համար անցկացվող քննությունների արդյունքներով՝ 34 մասնակցից 30-ը ստացել է դրական գնահատական: