«Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ

13/08/2024

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։

Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած և բեմադրած պիեսը նվիրված է դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 90 և ականավոր դերասան Երվանդ Մանարյանի 100-ամյակներին։

Միջոցառմանը ներկա են եղել Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՄԳՄ վարչության անդամներ Գագիկ Անտոնյանը և Լիանա Սահակյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ներկայացման բեմադրիչին և մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի կողմից։