«Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրը՝ լաբորատոր հետազոտությամբ, համապատասխանում է նորմերին. հրապարակումների հետքերով

27/08/2024

Որոշ անհատների և լրատվամիջոցների կողմից տեղեկություններ են տարածվում, թե իբր Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման:

Հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ` Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի սանիտարական նորմերի և կանոնների պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։
 
Վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները 2024 թվականի օգոստոսի 13-ին իրականացրել են զննում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զննման ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ փորձագետների կողմից հիմնարկի ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների:
 
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջները չեն խախտվել, ինչի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։