Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է 8 դատավորով ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Որոշման անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական պահանջներից: 2021թ. մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Դրանք թվով 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի 1-ին մասով որակման դեպքում (գույքային վնասի չափով պայմանավորված կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում) վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց մինչդատական վարույթի, անմիջականորեն դատարանի կողմից՝ մասնավոր մեղադրանքի վարույթով: Ներկայում այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով, իսկ մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների, մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից։ Հետևաբար մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում՝ այն էլ հետևյալ հիմքերով՝ 1) տուժողը և մեղադրյալը հաշտվել են. 2) տուժողը հրաժարվել է մեղադրանքից. 3) տուժողը և նրա ներկայացուցիչն առանց հարգելի պատճառի երկու անգամ չեն ներկայացել դատական նիստին: Սրանք այն սպառիչ պայմաններն են, որի դեպքում վարույթը կարող է կարճվել և այլ հիմքեր դատարանի համար նախատեսված չեն:
Այսպիսով՝ մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը ենթադրում է քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքների ավելացում։ Դատավորների հաստիքների ավելացման համար հիմք են ընդունվել 2021-2023 թվականների վիճակագրական տվյալները, մասնավորապես այն, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից: 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների թիվը կտրուկ աճել է:
Վիճակագրական տվյալների համադրությամբ՝ ակնհայտ է դարձել, որ մինչդատական վարույթի ծանրաբեռնվածությունը տեղափոխվելու է դատական վարույթներ, ուստի և առաջացել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու անհրաժեշտություն: