Հանրային խորհրդի կազմում նախատեսվում է ձևավորել Փաստահավաք հանձնաժողով. Օրինագիծը ներկայացվել է ԱԺ

18/10/2024

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է Հանրային խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների փաստահավաք գործունեություն և դրանց վերաբերյալ կազմելու է փաստահավաք զեկույց: Զեկույցում բացահայտելու է նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ է ներկայացնելու նման խախտումները կանխարգելելու կամ հետևանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ և այլն:
Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակներում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով:

Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը և իրադարձությունները ներառելու են՝

1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը և անցկացումը,

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները,

3) պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները,

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները,

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը,

6) հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը։

Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր մասնագետ են կամ հանրային հեղինակություն վայելող անձինք և երբևէ չեն զբաղեցրել քաղաքական պաշտոն, դրսևորել են քաղաքական չեզոքություն և զսպվածություն: Թեկնածու կարողանալու են առաջադրել ոչ առևտրային կազմակերպությունները:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: