Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին
08/11/2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայըլ Շիերին։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կոնգրեսի հետ համագործակցությունը և կառույցի հանձնառությունը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ոլորտներում բարեփոխումներին աջակցելու հարցում։ Ներկայացնելով Կոնգրեսի և ՀՀ գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակը Մաթյո Մորին երախտագիտություն է հայտնել բարձր մակարդակով ապակենտրոնացման և տարածքային կառավարման բարեփոխումների ենթատեքստում փոխգործակցության արդյունքների համար։ Մորին նաև ներկայացրել է Կոնգրեսի կողմից ստանձնած նոր գործառույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները տեղական կառավարման մակարդակներում պատշաճ կատարմանն աջակցելու մեխանիզմները:
Կողմերը քննարկել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) նոր մեկնարկվող «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը ենթազգային մակարդակում (ՏԻՄ մարմիններում)» վերտառությամբ 6-րդ գնահատման փուլի շրջանակներում Կոնգրեսի դերակատարությունը։ Մորին ընդգծել է Կոնգրեսի ակտիվ ներգրավվածությունը GRECO-ի գնահատման մեթոդաբանության մշակման գործում, ինչպես նաև հետագայում զեկույցների հանձնարարականներից բխող աջակցության աշխատանքներում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացված բարեփոխումներին և 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվող գործողություններին: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ներկայացրել է ավագանու անդամների անհամատեղելիության պահանջների հստակեցման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները, ընդգծել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ավագանիների վարքագծի կանոնների և դրանց նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Կողմերը կարևորել են նաև այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակականությունը՝ ապահովելու ոլորտում առկա եվրոպական չափանիշների ներդրումը ՀՀ-ում։ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նշված գործողությունների շրջանակներում պահանջվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության դերը տեղական ինքնակառավարման ոլորտում, Եվրոպական սոցիալական խարտիայի ներքո հաշվետվության մեխանիզմները: