Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ՝ Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվեն այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կնվազեցնեն իրավունքի չարաշահման դեպքերը և դատարաններին կտրամադրեն այդ դեպքերին արձագանքելու գործուն մեխանիզմներ: Մասնավորապես՝ կապահովեն ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, կնվազեցնեն գործերի անհիմն ձգձգումները և դատական նիստերի խափանումները, կնպաստեն դատավարության մասնակիցների բարեխիղճ վարքագծի դրսևորմանը: Տիգրան Դադունցը, անդրադառնալով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններին, նշել է, որ նախատեսվել են իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ, ինչպիսիք են դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը և սանկցիայի նոր տեսակ, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Ընդ որում, ներդրվել են նաև այս սանկցիաների կիրառման բալանսավորման գործիքներ, որպեսզի դրանց կիրառումը դատարանի կողմից լինի արդարացի և համաչափ: Նախագծերի ընդունմամբ ինչպես ողջամիտ ժամկետներում, այնպես էլ՝ անկողմնակալ դատարանի կողմից գործերի քննությունն ապահովելու համատեքստում կկատարելագործվի նաև դատավորների ինքնաբացարկի ինստիտուտը և կներդրվի դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը ընդհատման պահից շարունակելու ընթացակարգ: Տիգրան Դադունցը հատուկ ընդգծել է, որ նշվածը նույնպես կարևոր ազդակ է գործերը ողջամիտ ժամկետում քննելու համատեքստում, քանի որ նախկինում դատավորի փոփոխության հետևանքով գործի քննությունը սկսվում էր նորից՝ թե՛ երկարաձգելով գործի քննության ժամկետները և թե՛ նվազեցնելով դրա արդյունավետությունը: