Դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությանն ու հրապարակային դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված զեկույցի ներկայացում

18/12/2024

«Արդարադատությունը բաց աչքերով» 2023-2024թթ. զեկույցի քննարկմանն արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում նախարարությունը մշտապես համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ, ինչը հնարավորություն է ընձեռում գործնականում ապահովել ոլորտային բարեփոխումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քննարկմանը կարևորվել է հատուկ մշակված մեթոդաբանությամբ իրականացված դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը, որն ուղղված է հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովմանը վերաբերող հավաստի տվյալների հավաքագրմանը: Քննարկման առարկա են դարձել հատկապես զեկույցում ներկայացված Երևանի և մարզերի դատարանների աշխատանքի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։ Արձանագրվել է, որ բարձրաձայնված հարցերը կօգնեն նախարարությանն առավել փաստահեն քաղաքականության մշակման հարցում: Միաժամանակ ներկայացվել է, որ Արդարադատության նախարարությունը մի շարք նախաձեռնություններով մտադիր է հասցեագրել արձանագրված խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև դատարանների ստանդարտների մշակման և նյութատեխնիկական պայմանների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, դատավորների անհրաժեշտ թվաքանակին ուղղված ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև՝ օրենսդրական և թվայնացման բարեփոխումներին: Զեկույցը կազմվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։