Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

26/12/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետական և հասարակական կառույցների միջև՝ նպատակ ունենալով վեր հանել անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, ապահովել երեխայի լավագույն շահը, բարձրացնել երեխաների համար արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև խթանել միջգերատեսչական համագործակցությունը։
Նիստի ընթացքում ներկայացվել են Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել Հայաստանում Բարնահուս մոդելի ստեղծման, լիարժեք ձևավորման և դրա կիրարկման գործընթացներին, ինչպես նաև Խորհրդի կազմում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը: Խորհրդի ներկայացուցիչները կարևորել են նաև ոլորտի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի ամփոփիչ դիտարկումների կատարմանն ուղղված գործուն ջանքերի ներդնումը և համագործակցությունը:
Նիստի ավարտին Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ և համակարգային համագործակցության համար՝ նախանշելով գալիք նիստի օրակարգային թեմաները՝ ոլորտում առկա բացերի և խնդիրների արձանագրումը, միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից ներկայացված հանձնարարականների կատարմանն ուղղված առաջանահերթ գործողությունների մշակումը, քրեադատավարական գործընթացներում հոգեբանների արդյունավետ ներգրավումը, ինչպես նաև Բարնահուս մոդելի կիրառման կատարելագործումն ու ընդլայնումը:
Հիշեցնենք, որ Բարնահուս կենտրոնը երեխաների համար «հարմար» տարածքում՝ «մեկ հարկի տակ» երեխաներին առաջարկվող բազմաթիվ ծառայությունների համալիր է, որի նպատակն է աջակցել երեխաների պաշտպանությանը, վերականգնմանը և արդարադատությանը՝ երեխաների համար նպաստավոր և ապահով միջավայրում։