Տիգրան Դադունցն ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը

11/02/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը` երկրորդ ընթերցման համար:
Նախագծի նպատակն է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Լրամշակված նախագծերի փաթեթով առաջարկվելու է՝
1. Քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների ցանկին ավելացնել նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալներին:
2. Սահմանել, որ քննչական մարմինների ղեկավարներին և տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում որպես վարույթի հանրային մասնակից կատարած արարքին, իսկ Գլխավոր դատախազի տեղակալների դեպքում՝ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման ընթացքում կատարած արարքներին։ Սա հնարավորություն կտա պաշտոնատար անձանց առօրյա մասնագիտական գործունեության շրջանակում խախտումներ կատարելու դեպքում դրանց արձագանքել տվյալ մասնագիտության շրջանակում արդեն իսկ ձևավորված գործիքակազմերով, իսկ դրանցից դուրս՝ նոր առաջարկվող կառուցակարգերով:
3. Առաջարկվող փոփոխություններով հստակեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նման գործառույթ իրականացնելու իրավասությունը հարակից օրենքներում: