Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

13/02/2025

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Համակարգի ներդրման ծրագրային համակարգող Լիանա Թովմասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջիկայում նախատեսում է էլեկտրոնային համակարգի պիլոտային գործարկում, որին կներգրավեն նաև գործող փաստաբանները՝ օգտագործողին առավել հարմար համակարգ ունենալու նպատակով:
Փաստաբանների պալատի անդամ Սրբուհի Գոլոյանը նշել է. « Այս պահի դրությամբ, լսելով սեմինարը, կարող եմ արձանագրել, որ բավական մատչելի ծրագիր էր պատրաստված և դժվարություններ չի առաջացնի: Շատ հարցերի լուծումներ են տրված այս ծրագրով: Իհարկե, ցանկացած ծրագիր, որ ներդրվում է, պետք է փորձարկել և բնականաբար խնդիրներ ի հայտ կգան փորձարկման դեպքում» :
Փաստաբան Գասպարյան Վիկտորյան հավելել է. «Ընդհանուր առմամաբ շատ գոհ եմ, շատ լավ է կազմվել ծրագիրը, վերապատրաստման ընթացքում որոշակի նկատառումներ են արվել, որոնք հետագայում հաշվի կառնվեն»։
Համակարգը նախատեսվում է պաշտոնապես գործարկել 2025թ.-ի գարնանը: