Աննա Կարապետյանը համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստը
20/02/2025

Փետրվարի 18-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստը, որը համանախագահել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության Բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։
Նիստի ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, դատական համագործակցության և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված բարեփոխումները և Եվրոպական միությունում առկա զարգացումները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումն ու կարողությունների զարգացումը, բարեվարքության ինստիտուտի կատարելագործումը, դատական համակարգի շարունակական բարեփոխումները, ներառյալ քաղաքացիական դատարանների ավելի քանի 80 տոկոսով բեռնաթափումը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, արդարադատության ոլորտի թվայնացման, անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Աննա Կարապետյանը Նախարարության պատրաստակամությունն է հայտնել նաև առաջնորդելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի համապարփակ բարեփոխումները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում:
Եվրոպական կողմը բարձր է գնահատել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ձեռնարկած քայլերը և հանձնառությունը՝ ապահովելու ոլորտային բարեփոխումների շարունակականությունը:
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության տարբեր ձևաչափերի շրջանակներում իրականացվելիք քայլերի շուրջ, այդ թվում նիստի արդյունքում ընդունվող գործառնական եզրակացությունների շրջանակում:
ՀՀ պատվիրակության կազմում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Գլխավոր դատախազության, Կոռուպիայի կանխարգելման հանձնաժողովի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: