Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացվող ծավալուն բարեփոխումները, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման ոլորտում:
Աննա Կարապետյանն անդրադարձել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին: Հիշեցնենք, որ 2024 թվականին հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության (DGII) համատեղ կարծիքը, որով ներկայացված առաջարկների մեծ մասն արդեն իսկ իրացվել է լրամշակված նախագծում:
Կողմերն անդրադարձել են հիմնականում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց արդարադատության մատչելիության իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ դատավարության ընթացքում ազգային փոքրամասնությունների լեզուների գործածությանը:
Հանդիպման ավարտին հյուրերը ևս մեկ անգամ կարևորել են տեղեկատվության տրամադրման և ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման ուղղությամբ նախաձեռնված գործողությունները: