Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

10/03/2025

Կանանց միջազգային օրվա առթիվ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Աբովյան» ՔԿՀ։ «Աբովյան» ՔԿՀ-ի ազատազրկված կանանց նախարարն ու Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը խորհրդանշական նվերներ են հանձնել։ Օրվա խորհրդին համապատասխան՝ կանանց իրավունքները կարևորելով, դատապարտյալ կանաց համար կազմակերպվել էր նրանց իրավունքներին, հուզող հարցերին վերաբերող քննարկում։
Քննարկման մասնակից ազատազրկված կանայք հիմնականում խոսել են ազատության վերադառնալու ծրագրերից՝ մտահոգություն հայտնելով հասարակության լայն շրջանում իրենց ոչ միանշանակ ընդունվելու ռիսկերից։ Նրանց հետաքրքրել է անազատության պայմաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները։ Կանայք միակարծիք են եղել, որ ՔԿՀ-ում աշխատելու հնարավորությունը դրական ազդեցություն է ունենում վերասոցիալականացման համար՝ նշելով, որ աշխատանքը նպաստում է ապագայի հանդեպ որոշակիության ձևավորմանը և բացասական մտքերից ազատմանը։
Նախարարը խոսել է դիմացինի ազատությունները հարգելու, սեփական իրավունքներն իմանալու կարևորությունից, ազատազրկվածների հանդեպ պետութան հոգածությունից։ Եվս մեկ անգամ շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ՝ Սրբուհի Գալյանը հիշեցրել է կնոջ, մոր դերի կարևորության, հասարակության մեջ կանանց հանդեպ խտրականության վերացման և ինքնակատարելագործման ամենօրյա ջանքերի մասին։